Իրանի և Միացյալ Նահանգների միջև բանակցությունների հինգերորդ փուլի ավարտից հետո Իրանի գլխավոր բանակցող, արտգործնախարար Աբբա Արաղչին հայտարարել է, որ «դա բանակցությունների ամենապրոֆեսիոնալ փուլերից մեկն էր»։ «Մենք անսասան ենք մեր դիրքորոշումներում։ Ամերիկյան կողմն այժմ հստակ պատկերացում ունի Իրանի դիրքորոշման վերաբերյալ»,- շեշտել է նա։               
 

Եկեղեցու անհասկանալի լռությունը

Եկեղեցու անհասկանալի լռությունը
20.10.2015 | 00:03

Սահմանադրական բարեփոխումների շուրջ քննարկումներն ավելի շատ ոչ բովանդակային հարթությունում են ընթանում: «Այո»-ի և «Ոչ»-ի ճակատների ներկայացուցիչները միմյանց հասցեին մեղադրանքներ են «շռայլում», ինչից մայր օրենքի նոր մոդելը ոչինչ չի շահում: Եթե քաղաքական գործիչների մոտեցումները ինչ-որ առումով հասկանալի են, անտրամաբանական է հայ եկեղեցուն առնչվող որոշ դրույթների նկատմամբ հոգևոր աշխարհի քար լռությունը:
Տարբեր ՀԿ-ների ներկայացուցիչներ, քաղաքական գործիչներ բարձրաձայնել են, որ Հայ առաքելական եկեղեցուն վերաբերող սահմանադրական փոփոխություններն աղանդավորության համար լայն դաշտ են բացում: Ավելին, ըստ ընդդիմախոսների, նրանց միջև հավասարության նշան է դրվում: Ի՞նչ է, Հայաստանի հոգևոր աշխարհին բացարձակապես հետաքրքիր չէ՞, թե հայ եկեղեցուն, հավատին առնչվող ինչ հոդվածներ են սահմանվելու մայր օրենքով: «Նոր նախագծի մեջ էականորեն նվազեցվել է Հայաստանյայց առաքելական սուրբ եկեղեցու դերը: Եթե գործող սահմանադրության մեջ նշված է, որ ՀՀ-ի և Հայաստանյայց առաքելական սուրբ եկեղեցու հարաբերությունները կարող են կարգավորվել օրենքով, ապա սահմանադրության նոր նախագծի մեջ նշված է, որ այդ հարաբերությունները կարող են կարգավորվել հատուկ համաձայնագրով: Սա նշանակում է, որ Հայաստանյայց առաքելական սուրբ եկեղեցու կարգավիճակը հավասարեցվում է աղանդավորական կազմակերպությունների կարգավիճակին` զրկելով նրան որոշակի արտոնություններից, որոնք հատուկ համաձայնագրով չեն կարող սահմանվել»,- այս հայտարարությունը վերջերս «Իրատես» ակումբում հնչեցրեց ՀԿ-ի ներկայացուցիչներից մեկը: Ի վերջո, խոսքն ամենևին էլ քաղաքական հարցերին չի վերաբերում (չնայած բազմիցս ականատես ենք եղել, որ հոգևոր հայրերն ավելի ակտիվ են քաղաքական հարցերում, անգամ ինտրիգներում և բիզնես հարաբերություններում), երբ եկեղեցին հայտարարում է, թե քաղաքականությունն ու հավատը տարբեր հարթություններում են, և իրենք չեն խառնվում քաղաքական հարցերին:
Այդուհանդերձ, ինչո՞ւ չի խոսում եկեղեցին, ինչո՞ւ պաշտոնական դիրքորոշում չի հայտնում սահմանադրական բարեփոխումների հատկապես այն հոդվածների առնչությամբ, որոնք Հայ առաքելական եկեղեցուն են վերաբերում: Սրանք հարցեր են, որոնք հուզում են հավատավոր քաղաքացիներին: Այս համընդհանուր անտարբերությունը, չեզոքությունը անվստահության նոր ճեղք են բացելու հանրության ու եկեղեցու հայերի միջև:

Ռուզան ԽԱՉԱՏՐՅԱՆ

Դիտվել է՝ 809

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ